Հանուն արդարություն շարժմանը
Ամեն անգամ Երեւանին հարեւան Այգեկ գյուղից երթուղային տաքսու մեջ
30 հոգու հետ խցկված Երեւան աշխատանքի գնալիս եւ նույն կերպ գյուղ
վերադառնալիս մտածում եմ. ՙԻնչ արժե մարդը վարորդի, երթուղային գծի
տիրոջ աչքին՚: Եթե մի ժամանակ 100 դրամ էր, ապա այժմ` 150 դրամ, համենայն
դեպս, այսքան է գնահատել 205 համարի երթուղային գծի նոր սեփականատեր
ՙՇանթ Գյուրջոյան՚ ՍՊԸ-ն: Մեքենան Նորակերտ-Բաղրամյան-Այգեկ-Մերձավան
գյուղերի միջով շարժվելով կանգ առավ` վերցնելու 31-րդ, 32-րդ, 33-րդ
ուղեւորներին: ՙՏեղ չկա, շունչներս կտրվեց՚,- խնդրեցին ուղեւորները:
Բայց վարորդը անտարբեր մտքում համրում էր 150 դրամները, ու թե այսօր
ինչքան փող է տուն տանելու երթուղային գծի տիրոջը, նաեւ դիսպետչերին
հարկը տալուց ու մեքենայի վարձը վճարելուց հետո: Իրար սեղմված, մեջքները
կռացրած, գլուխները կախած… Ու ողջ ճանապարհին ինձ թվում է, թե մեզ
տանում են սպանդանոց:
Մի թերթի թղթակից վերջերս երթուղային տաքսիով փորձեց հասնել այդ գյուղերը,
որ խնդիրը անձամբ տեսնի ու հասկանա: Քառասուն րոպե մի կողքի վրա թեքված
ու կռացած մնալուց երկար ժամանակ մեջքի ցավը չէր անցնում: Զարմացած կշտամբեց
մեզ, որ տարիներ շարունակ հանդուրժում ենք այս վիճակը ու ոչինչ չենք
ձեռնարկում դրա դեմ: Լրագրողի հարցերին տրանսպորտի նախարարությունից
պատասխանել էին, թե գնի թանկացման հարցում իրենք չեն կարող միջամտել,
իրենց պարտականությունն է միայն վերահսկել, որ երթուղային տաքսին կատարի
ուղեւորների ապահով երթեւեկության իր ստանձնած պարտավորությունները,
եւ որ գծում այժմ տասնյոթ հատ նոր ՙԳազել՚ մակնիշի մեքենաներ են աշխատում:
Այդ գյուղերից յուրաքանչյուրը 4-5 հազար բնակչություն ունի: Այդ մեքենաները
աշխատում են 15-20 րոպե պարբերությամբ, ուղեւորներով ծանրաբեռնված, եւ
դեռ կանգառներում թողնելով առավոտյան աշխատանքից եւ դասից ուշացող մարդկանց:
Այդպիսի վիճակում Փարաքարի պետավտոտեսչության կետի մոտով շրջադարձ են
կատարում ու անարգել շարունակում ճանապարհը:
Երեւանից մի տարի առաջ Այգեկ տեղափոխված 70 տարեկան Լյուդվիգ Խ.-ն
ընդամենը մի օր երթեւեկելուց հետո սարսափել էր. ՙԷս տրանսպորտ չի, խուժանություն
է՚: Նա դիմում-բողոք էր հղել ՀՀ տրանսպորտի նախարարությանը: Մեկ ամիս
սպասելուց հետո իր դիմումի պատասխանի ետեւից գնաց: Նախարարությունից
պատասխանել էին, որ իրենք ստուգել են, ամեն ինչ կարգին է: Այս տարվա
օգոստոս ամսին Արգավանդի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարից, երբ մեկ
այլ մեքենային բախվելուց խուսափելով եւ թեքվելով, մեքենան ծանրությունից
շուռ էր եկել, մի երիտասարդ տղա էր զոհվել, վիրավորներ կային: Դատավարությունը
մինչեւ հիմա էլ շարունակվում է, ինչպես նաեւ` նոր վթարների ու զոհերի
վտանգը:
Տեղեկանալով, որ ՙՀանուն արդարության շարժումը՚ ստեղծել է համապատասխան
մեխանիզմ` տեղ հասցնելու քաղաքացիների դիմում-բողոքները, Այգեկի, Նորակերտի,
Մերձավանի ու Բաղրամյանի բնակիչների անունից որոշեցինք դիմել ձեր օգնությանը`
հուսալով, որ համապատասխան մարմիններին դիմելով` կօգնեք կարգավորել այս
երթուղային գծի տրանսպորտը եւ ձեռք բերել մեր վճարած գումարի դիմաց ապահով
ու արժանապատիվ երթեւեկելու իրավունքը:
Անահիտ Ասատրյան
Սուսաննա Թորոսյան
Դիմումն ուղարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարություն: