Ժողովրդի մասնակցությամբ ներքեւից վերեւ ուղղված երկրի կառավարման համակարգի առաջին աստիճանի ստեղծման եւ Վերլուծական կենտրոնի հիմնադրման մասին
Բնության մեջ կառավարման ու գոյության լավագույն ձեւը շրջանն ու փակ շղթան է: Դրա վկայությունն է գալակտիկաների, աստղային համակարգերի, ատոմների եւ այլ շրջանային շարժման մեջ գոյությունը: Այսօր լավագույն արդյունքների են հասնում այն երկրները, որտեղ երկրի կառավարումն իրականացվում է փակ շղթայի տեսքով:
ՀՀ կառավարումն իրականացվում է վերեւից ներքեւ ուղղվածությամբ: Քանի
որ այս համակարգում կառավարման համար անհրաժեշտ փակ շղթա կազմելու համար
բացակայում են ժողովրդի ընդգրկումն ու նրա կողմից հսկողությունը ամենատարբեր
գործընթացների նկատմամբ, այս իրավիճակում ծաղկում, բարգավաճում են բյուրոկրատիան,
կոռուպցիան, տիրող անարդարությունը, անպատասխանատվությունն ու անպատժելիությունը,
որոնք հասել են երկրի անվտանգության համար վտանգավոր չափերի: Այն բերում
է նաեւ ազգային եկամուտների անհավասարաչափ բաշխմանն ու մի խմբի ձեռքում
դրանց կուտակմանը, որն էլ հղի է սոցիալական պայթյունի վտանգով: Տեղի
է ունենում համատարած բարոյահոգեւոր անկում: Հասարակությունը կտրվում
է սեփական մշակույթից, գրականությունից:
Նկատի ունենալով երկրում ստեղծված այս իրավիճակը, ՙՀանուն արդարության
շարժումը՚ (ՀԱՇ) նախաձեռնում է ներքեւից վերեւ ուղղված` բնակչության
մասնակցությամբ երկրի կառավարման համակարգի առաջին աստիճանի ստեղծումն
ու Վերլուծական կենտրոնի հիմնադրումը: ՀԱՇ-ը բացել է www.avetis.am
վեբ կայքը, որտեղ պարբերաբար կհրապարակվեն ՀՀ բնակչության դիմում-բողոքները,
առաջարկությունները, որոնք կտեղադրվեն ըստ ոլորտների, ասենք` տնտեսական,
մշակութային, կրթական, մարզական, տրանսպորտի, սոցիալական, բժշկության,
ինչպես եւ ըստ մարզերի: Առանձին նամակներ էլեկտրոնային փոստով կուղարկվեն
համապատասխան գերատեսչություններին կամ կառավարությանը` պարտադիր հրապարակելով
պատասխանները, հետեւելով խնդրի լուծմանը:
Վերլուծական կենտրոնն իր վերլուծությունները կայքում հրապարակելուց բացի պարբերաբար դրանք կներկայացնի ԱԺ եւ ՀՀ կառավարության քննարկումներին, իհարկե, եթե նրանք պատրաստ լինեն դրան:
Դիմումներն ու առաջարկությունները կընդունվեն միմիայն համացանցով` info@avetis.am հասցեով եւ www.avetis.am վեբ կայքով: Նամակագիրը պարտադիր պետք է նշի իր անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը:
ՀԱՇ-ը կարծում է, որ այս ձեռնարկը
ա. կնպաստի երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը
բ. բյուրոկրատիայի, կոռուպցիայի, անպատասխանատվության դեմ պայքարում աստիճանաբար կփոխի մարդկանց մտածելակերպը
գ. հասարակությունը կհավատա իր ուժին
դ. կնպաստի նոր տեխնոլոգիաների տարածմանը հասարակության մեջ:
ՀԱՇ-ը առանձին էջ կտրամադրի նաեւ Սփյուռքից ու ԼՂՀ-ից եկող նամակներին:
ՀԱՇ-ի այս ձեռնարկին կարող է խոչընդոտել նոր տեխնոլոգիաների ներդրման
խնդրում հասարակական պահանջարկի եւ պետական կառույցների միջեւ զգալի
տարբերությունը: Գերատեսչությունների զգալի մասը չունի էլեկտրոնային
փաստաշրջանառության ընդհանուր համակարգ, որը մեր խնդրում կդժվարացնի
մեր ուղարկած նյութը արագորեն պատասխանատու մարմնին հասցնելն ու պատասխան
ստանալը: Նման համակարգ ունեն միայն Կենտրոնական բանկը, Պետական կադաստրի
կոմիտեն, Հարկա-մաքսային ծառայությունը, քաղաքապետարանը: Կարեւոր է
ուժային գերատեսչություններում, հատկապես ՀՀ ոստիկանությունում նման
համակարգի ստեղծումը: Իրավիճակից որոշակի ելք կարող է ծառայել որոշ
թերթերի կողմից մեր վերլուծությունների ու որոշակի արժեք ներկայացնող
գրությունների հրապարակումը: Մենք առայժմ սեփական թերթ հիմնելու ֆինանսական
հնարավոություն չունենք: Սակայն կարծում ենք, որ ճիշտ կլինի կառավարության
կողմից հատուկ հանձնարարականով գերատեսչություններին պարտադրել էլեկտրոնային
փաստաշրջանառության ընդհանուր համակարգի ստեղծումը:
“Հանուն արդարության շարժման” ղեկավար,
գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյան