Ձերդ գերազանցություն պարոն Օբամա
Ընդունեք, խնդրեմ, իմ սրտանց շնորհավորանքները Ձեր հաղթանակի առիթով,
քանզի ես մեծապես հավատում եմ փոփոխություններին եւ արդարության հաստատմանը:
ՀՀ քաղաքական վերնախավը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմից հետո
հայտնվել է դիվանագիտական ծուղակում, ուստի եւ Մինսկի խմբի ձեւաչափով կամ
այլ բանակցություններում հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ հակամարտող
կողմ: Իսկ դա միջազգային հանրության կողմից ընկալվում է, որ Ադրբեջանին
հարեւան Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի մի մասը: Ելնելով այս
իրավիճակից` Ադրբեջանը հանդես է գալիս որպես պահանջատեր Հայաստանի կողմից
ՙագրեսիայի՚ հանդեպ: Այս դեպքում է, որ առաջնային է համարվում ագրեսիայի
ենթարկված երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը: Դա էլ Ադրբեջանին
հնարավորություն է տալիս ռազմատենչ հայտարարություններ անել, սպառնալ Հայաստանին
պատերազմով, ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա: Որպես ստեղծված
իրավիճակի արդյունք` հետեւում են ՄԱԿ-ի ոչ հայանպաստ որոշումները, հայկական
կողմի դիվանագիտական խնդիրները: Ադրբեջանը հաշվարկել էր, որ եթե որպես հակամարտող
ու բանակցող կողմ ընդունվի ԼՂՀ-ն, ապա հենց ըստ ՄԱԿ-ի խարտիայի 1-ին հոդվածի
2-րդ կետի` ՙՀավասար իրավունքները եւ ինքնորոշումը ամենահիմնական սկզբունքն
են՚ դրույթի` ինքը, ռազմական պարտությունից բացի, դիվանագիտական լուրջ պարտություն
է կրելու: Այս դեպքում է, որ ինքնորոշվող ժողովուրդը (ԼՂ ժողովուրդը) կարող
է որոշել, թե ինքնորոշման դեպքերից (ա. անկախ պետության ստեղծում, բ. միացում
անկախ պետությանը, գ. այլ քաղաքական կարգավիճակ) որն է ցանկանում ընտրել:
Ինքնորոշման իրավունքը գերակայում է նաեւ 1966 թ. դեկտեմբերին ընդունված
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիայի քաղաքական, քաղաքացիական, տնտեսական,
սոցիալական եւ մշակութային իրավունքի 1-ին հոդվածի 1-ին կետով: 1975 թ.
օգոստոսի 1-ի Հելսինկիի ԵԱՀԽ խորհրդաժողովի վերջնական ակտի ՙգլխավոր գրացուցակը՚
որպես 8-րդ սկզբունք հաստատեց ՙհավասար իրավունքներ եւ ինքնորոշման իրավունք
բոլոր ժողովուրդների համար՚` ավելացնելով, որ ՙժողովուրդների ազատ ինքնորոշումը
կենսականորեն անհրաժեշտ խնդիր է եւ չի կարող սահմանափակվել միայն երրորդ
աշխարհի գաղութային տարածքներով, այլ վերաբերում է նաեւ Եվրոպային՚: Փաստորեն,
ազատ ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի համընդհանուր կանոն է: Այս
ամենը հաշվի առնելով է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դուրս են մղել ԼՂՀ-ին
բանակցային գործընթացից, որպես հակամարտող կողմ Լեռնային Ղարաբաղի փոխարեն
ներգրավել Հայաստանի Հանրապետությանը: Այնինչ ՀՀ-ն պետք է հանդես գա միայն
որպես ԼՂ խնդրի կարգավորման միջնորդ եւ վտանգի ենթարկված իր ժողովրդի մի
հատվածի անվտանգության ապահովման հովանավոր, միջազգային ատյաններում որպես
բանակցող կողմ ճանաչել տալ ԼՂՀ իշխանություններին:
1988 թ. ղարաբաղյան ազատագրական շարժումը նպատակ ուներ բողոքների,
հանրահավաքների միջոցով իր խնդիրը հասցնել Կրեմլին, միջազգային հանրությանը,
սահմանադրական ճանապարհով հասնել իր նպատակին` դուրս գալ Ադրբեջանի կազմից:
1990 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` ՙԽՍՀՄ-ից միութենական հանրապետության
դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին՚ ընդունած օրենքի 3-րդ
հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս միութենական հանրապետությանը դուրս
գալ ԽՍՀՄ կազմից, եւ ինքնավար կազմավորումներին դուրս գալ միութենական հանրապետության
կազմից, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ելնելով օրենքի պահանջներից, 1991
թ. դեկտեմբերի 19-ին հանրաքվե է անցկացրել եւ ինքնորոշվել: Ադրբեջանի քաղաքական
վերնախավը, զգալով, որ այս դեպքում ինքը տանուլ է տալիս, որոշեց դրան հակազդել
բռնի ուժի գործադրմամբ ու ահաբեկումով: Հետեւեցին Սումգայիթի, Գանձակ-Կիրովաբադի,
Բաքվի, ողջ Գարդմանքի (Հյուսիսային Ղարաբաղի) հայերի նկատմամբ ջարդերը,
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու այն գրոհայինների, ներքին զորքերի խիստ
օղակի մեջ առնելը: ԼՂ-ն պարտադրված էր ինքնապաշտպանության բանակ ստեղծել,
որին էլ հաջողվեց հաղթել թվաքանակով եւ զինանոցով զգալիորեն գերազանցող
ադրբեջանական բանակին, ազատագրել իր տարածքները, ոչնչացնել կրակակետերը,
ուղղել ռազմաճակատի գիծը, ստեղծել անվտանգության գոտի: Այդ գոտին արդեն
14 տարի է, ինչ ապահովում է խաղաղությունը տարածաշրջանում:
Ադրբեջանը պատերազմել է Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ եթե պատերազմում,
կռվում ես մեկի դեմ, ուրեմն եւ ընդունում, ճանաչում ես նրան որպես հակամարտող
կողմ: Եթե Ադրբեջանը պարտվել է իր իսկ սանձազերծած պատերազմում, այդ դեռ
իրավունք չի տալիս հրաժարվել հակառակորդ կողմի հետ բանակցելուց: Իսկ եթե
որպես բանակցող կողմ մերժվում է ԼՂՀ ներկայությունը, ապա այդ բանակցությունները
երբեք ոչ մի արդյունքի չեն հասնելու: Սա է իրականությունը:
Ի վերջո, չպետք է մոռանալ, որ զինադադարը կնքել են Ադրբեջանի եւ ԼՂՀ
ներկայացուցիչները, քանի որ իրականում միմյանց դեմ պատերազմում էին այդ
երկրները: Սկզբնական շրջանում բանակցող կողմ էր ընդունվում ԼՂՀ-ն: Սակայն
շուտով այն, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ երկրների մեղքով, դուրս մղվեց,
բոլորը ընդառաջ գնացին Ադրբեջանի ցանկությանը: Դրան հետեւեցին հայկական
կողմի դիվանագիտական պարտությունները: Եվ ահա Մոսկովյան եռակողմ հանդիպման
ընթացքում կրկին անտեսվել էր Լեռնային Ղարաբաղի` որպես սուբյեկտ հանդես
գալու իրավունքը: Դեռ ավելին, աստիճանաբար բանակցող կողմ է ներքաշվում Թուրքիան,
որը բացահայտորեն ադրբեջանական կողմ է հանդիսանում:
Միջազգային ատյաններում հաճախ են դատապարտում Լենինի ու Ստալինի ազգային
քաղաքականությունը, անարդարացի բաժանումները, դրա հետ միասին ատամներով
պաշտպանում նրանց իսկ գծած սահմանները:
Հանուն արդարության շարժումը կոչ է անում Ձեզ նպաստել Լեռնային Ղարաբաղի
ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
ճանաչել որպես բանակցող կողմ:
Հանուն արդարության շարժումը նույն կոչով նամակներով դիմել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Յուրի Մերզլյակովին եւ Մեթյու Բրայզային, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Նիկոլա Սարկոզիին, Դմիտրի Մեդվեդեւին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեվիսին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոյին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: